Թեև հայկական կողմը նշում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վերջին պայմանագրով Ռուսաստանը պարտավորվում է երաշխավորել Հայաստանի սահմանների անվտանգությունը և ակնարկ կա, որ Ռուսաստանը ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման պարագայում կանցնի Հայաստանի կողմ, այդ մասին պետք չէ անընդհատ թմբկահարել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Չէի ուզենա, որ այս մեկնաբանություններն ակտիվ լինեն, որովհետև եթե համեմատենք ադրբեջանցի քաղաքագետներին և քաղաքական գործիչներին հայ քաղաքագետների և քաղաքական գործիչների հետ, ապա ադրբեջանական կողմից երբեք չի հնչում գաղափար, որ «Թուրքիան մեզ կպաշտպանի»»:
Բոզոյանի կարծիքով` այստեղ մի տեսակ թերարժեքության բարդույթ է աշխատում հայկական կողմի մոտ:
«Հայկական բանակը միանշանակ ավելի ուժեղ է, քան ադրբեջանականը: Հայկական կողմը բոլոր պարագաներում`դիրքային, ռազմական, հոգեբանական, առավելություներ ունի, և չարժե այդ կոմպլեքսից ելնելով` անընդհատ նշել, որ ռուսական կողմը մեզ պետք է պաշտպանի», – ասել է Բոզոյանը:
Քաղաքագետի կարծիքով` ռուսական կողմը կարևոր դեր է կատարում` չեզոքացնելով թուրքական վտանգը, և դա բավական է, որպեսզի «մենք խնդիրները լուծենք»: