Դպրոցի դասագրքերը համապատասխանում են չափորոշիչներին, իսկ դպրոցներում կիրառվում է եռաչափ ուսուցում:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման պնդումներով հանդես եկավ «Զանգակ-97» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը` խոսելով այսօրվա դպրոցին մատակարարվող դասագրքերի մասին: Այն, որ շատերը բողոքում են դասագրքերի բարդ և անըմբռնելի լինելուց, Սոկրատ Մկրտչյանը բացատրեց մեր հասարակության մեջ ընդունված չափորոշիչներով.
«Մեր ծնողները ցանականում են, որ բոլոր երեխաները գերազանց սովորեն դպրոցում, իսկ դասագրքերը, քանի որ նախատեսված են եռաչափ ուսուցման համար, համապատասխան մակարդակի գիտելիքներ ունեցող աշակերտին կարող են տալ իր մակարդակի գիտելիք»:
Սոկրատ Մկրտչյանը նաև հավելեց, որ իրենք ամեն շաբաթ ուսուցիչների համար դասընթացներ են կազմակերպելու, որպեսզի նրանք ծանոթանան նոր լույս տեսնող դասագրքերին և հետագայում կարողանան համապատասխան մեթոդներ կիրառել ուսուցումը կազմակերպելու համար:
Ի պատասխան Epress.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված այն փաստը, որ, ունենալով չափորոշիչներին համապատասխանող դասագրքեր և վերապատրաստված ուսուցիչներ, աշակերտները բուհ ընդունվելու համար դիմում է կրկնուսույցներին, Սոկրատ Մկրտչյանը նշեց, որ խնդիրը կայանաում է նրանում, որ մեր դպրոցները, կարծես, առաջին դասարանից աշակերտներին պատրաստում են քննությունների:
«Թողած իրենց բուն նպատակը` աշակերտներին գիտելիք հաղորդելը, դպրոցը դարձրել ենք վարժական կենտրոն»,- ասաց Սոկրատ Մկրտչյանը: