«1990-ական թվականներին Հայաստանում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը: Ես` որպես համապատասխան հանձնաժողովի պատասխանատու, այն ժամանակ առաջարկել էի մի նախագիծ, որով Հայսստանը միաժամանակ պետք է ճանաչեր թե’ Ադրբեջանի, թե ԼՂՀ անկախությունը»:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր, 90-ականներին Գերագույն խորհրդի Արցախի հարցերով մշտական հանձնաժաղովի քարտուղար Սուրեն Զոլյանը:
Զոլյանի խոսքերով` վերջին պահին խոսք վերցրեց այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով խնդրեց հետաձգել քվեարկությունը:
«Տեր-Պետրոսյանը բացատրեց, որ պետք է մեկնի Մոսկվա, և ճիշտ կլիներ, որ այդ հարցերը քննարկվեր նաև Ռուսաստանի ղեկավարության հետ», – հավելեց ԵՊԼՀ ռեկտորը` ընդգծելով, որ Հայաստանը մինչև հիմա էլ «անդրադառնում է» այդ իրավական հարցերին:
Զոլյանի կարծիքով` այդ տարիներն ամենաճիշտ ժամանակն էին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: