«Առավոտը» «հաշվել է» նախարարների եկամուտները
ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների
կոմիտեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` տեղեկություն ստանալու հարցմանն ի
պատասխան, տրամադրել է ՀՀ նախարարների և մի քանի այլ պաշտոնյաների եկամուտների
հայտարարագրերի մասին 2009թ. տեղեկանքները:
Ըստ այդ տեղեկանքների, ամենաաղքատը ՀՀ աշխատանքի
պետական տեսչության պետ Արթուր Պետրոսյանն է, որի եկամուտը կազմել է 857421 դրամ,
իսկ ամենահարուստը` առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը: Նրա եկամուտը
կազմել է 341 մլն 615 հազար դրամ:
Համեստ`ընդամենը 3-6 մլն դրամ եկամուտ են
ունեցել (համապատասխանաբար) տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը,
մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Արմեն Մովսիսյանը և այլն:
Վատ չի վաստակել գիտության և կրթության նախարար
Արմեն Աշոտյանը`39.036.547 դրամ, բայց նաև ծախսեր է արել. գնել է շենք և
շինություն: Ի դեպ, շենք-շինություն է գնել նաև արդարադատության նախարարը, բայց,
դատելով նրա եկամուտներից, շինությունը պետք է որ շատ համեստ լինի`11 միլիոնի
չհասնող եկամտին համապատասխան: