Հայաստանում էկոլոգիական խնդիրներ գրեթե չկան. այդ մասին է վկայում ՄԱԿ-ի հրատարակած զեկույցը, որն արվել է Հայաստանի կառավարության տրամադրած տեղեկատվության հիման վրա:
Ըստ զեկույցի` մեր հանրապետությունում անտառները կազմում են մոտ 11 տոկոս, «Սևանա լիճն էլ խաղաղ ծփում է Գեղամա լեռների շուքի ներքո»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս ամենը ներկայացրել է բնապահպան Կարինե Դանիելյանը և նշել, որ ինքը չի կարողանում հասկանալ, թե նման տվյալներ ինչպես կարելի է ստանալ այն դեպքում, երբ անտառահատումները սոսկալի չափերի են հասել, իսկ Սևանա լիճն էլ այնքան խնդիրներ ունի, որ դրանք լուծելու համար բոլորիս ջանքերն ու հնարավորությունները ներդնելու պարագայում էլ շատ ժամանակ է պետք:
Տիկին Դանիելյանին ոգևորել է կառավարության հաստատած «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիրը: Նրան շատ է ուրախացրել նաև այն փաստը, որ Հրազդանի կիրճը մաքրելիս այնտեղ աշխատանքային հագուստով եղել է նաև վարչապետն ու ինքն էլ է մասնակցել մաքրման աշխատանքաներին: Բայց միայն այսքանն, ըստ բնապահանի, շատ քիչ է: «Մաքուր հայրենիք» ասելիս` նախ և առաջ պետք է ասել «կանաչ հայերնիք», որ տպավորություն չստեղծվի, թե խոսքը միայն աղբահանության մասին է. վերանա աղբը, կվերանան մեր բնապահպանական խնդիրենրը: Դա այդպես չէ, հատկասպես, որ աղբն ավելի արագ թափվում է, քան մաքրվում:
Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանի համար ամենից կարևորն այն է, որ մաքուր հայրենիք ծրագրին ավելի շատ մասնակցում են երիտասարդական կազմակերպություններն ու խմբերը: Ծրագիրն ունի շատ նպատակներ, որոնք իրականացման համար իրենք աշխատում են, կարևոր կետերից մեկը սրտացավ վերաբերմունքի սերմանումն է հասարակության բոլոր շերտերի մեջ: Պարոն Մարտիրոսյանը գիտի, որ Սևանն էլ ունի խնդիր, անտառների պահպանումն էլ:
Նրա խոսքով` հենց այդ խնդիրները լուծելու համար կառավարությունը հսկայական միջոցներ է հատկացրել:
Կարինե Դանիելյանը, սակայն, մի շարք տվյալներ ներկայացրեց, որոնք խոսում էին այն մասին, որ խնդիրներ, ավելի քան արդիական են, և առայժմ լուծում չեն ստանում:
Դանիելյանը նշեց, որ ինքն այցելել է Ամերիկյան համալսարան ու այնտեղից վերցել տիեզերքից ուղարկված տվյալները: Համաձայն դրանց` մեր հանրապետությունում այսօր անտառները կազմում են 6-7 տոկոս: