Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար` ընդգծելով պարոն Բոժկոյի դերը և ակտիվ գործունեությունը ոչ միայն որպես դեսպան, այլ նաև որպես հայագետ և հայ ժողովրդի մեծ բարեկամ:
Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել պարոն Բոժկոյին հետագա գործունեության մեջ և վստահություն հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամը` իր գործունեությամբ նպաստելով երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացմանը:
Դեսպան Բոժկոն ուրախությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև մի շարք ոլորտներում` տնտեսական, մշակութային, նաև ապակենտրոնացված համագործակցության, նոր լիցք և զարգացման աշխույժ դինամիկա է նկատվում, ինչը հնարավորություն կընձեռի մոտ ապագայում որակապես նոր աստիճանի հասցնել երկկողմ հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Բոժկոն նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Յանուկովիչի հրավերը` պաշտոնական այց կատարելու Ուկրաինա: