Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքից անմիջապես հետո ընդդիմության կողմնակիցները բազմամարդ երթ անցկացրեցին, որն առաջնորդում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Երթի ընթացքում երիտասարդները վանկարկում էին Համաժողովրդական շարժման բոլոր հայտնի կարգախոսները: Սկզբում երթը խաղաղ ընթացք ուներ, սակայն երբ երթի մասնակիցները սկսեցին վանկարկել «անսերժ Հայաստան» և «Սերժիկ, հեռացիր» ոստիկանները փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանի գլխավորությամբ հարձակվեցին վանկարկողների վրա:
Այնուհետև ոստիկանները սկսեցին պարբերաբար քաշքշել հատկապես երթի առջևից ընթացող երիտասարդներին: Հերթական միջադեպի ժամանակ Ռոբերտ Մելքոնյանը սկսեց հայհոյանքներ տեղալ ընդդիմության հասցեին: Ոստիկանական վերջին հարձակումը տեղի ունեցավ Թումանայն-Տերյան խաչմերուկում, որտեղ Վալերի Օսիպյանը սկսեց քաշքշել ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանին:
Դավիթ Մաթևոսյանը Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Օսիպյանի պահվածքը.
«Նա փոխգնդապետի ուսադիրներով պրովոկատոր է, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»:
Ընդդիմության երթն ավարտվեց Հյուսիային պողոտայում, որտեղ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը դիմեց հավաքվածներին.
«Մեր նստած տղերքը, մեր զոհերը մեզ պարտադրում են այս գործը հասցնել մինչև ավարտ»:
Վերջինս նաև տեղեկեցրեց, որ Անկախության օրն ընդդիմության ներկայացուցիչները տոնը նշելու են Սարյանի արձանի մոտ: