«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է, որ թեև մենք նվաճել ենք անկախություն, սակայն մինչև հիմա չենք կարողանում հասկանալ դրա գինը:
«Ցավոք սրտի, մինչ այժմ իրականացված քաղաքականությունը ցույց է տալիս, որ որոշ իշխանավորների համար անկախությունը բեռ է դարձել»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը և սահուն կերպով անցում կատարել երեկ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին և հայ-թուրքական հարաբերություններին:
«Ցավոք, այն, ինչ տեղի ունեցավ երեկ, հայկական կողմի գործողությունների արդյունք էր: Հայկական կողմը չէր էլ պատկերացնում, թե ինչ խաղի մեջ է մտնում հայ-թուրքական արձանագրությունների շնորհիվ, որոնք ի սկզբանե ասիմետրիկ էին»,-նշել է ԱԺ պատգամավորը և հավելել, որ հայակական կողմը Թուրքիային հնարավորություն ընձեռեց տարածաշրջանում լուրջ գործոն դառնալ:
«Իհարկե, ուրախալի է, որ հինավուրց եկեղեցում տեղի է ունենում պատարագ, սակայն ցավալի է, որ այն իրականացվում է զուտ քարոզչական նպատակներով, որով Թուրքիան ևս մեկ անգամ հնարավորություն ունեցավ միջազգային հանրության աչքերում խաղաղարարի դեր ստանձնել»,- իր տեսակետն է հայտնել Արմեն Մարտիրոսյանը և ավելացրել, որ սա ամբողջ հայ-թուրքական գործընթացի մի մասն է. գործընթացը դեռ բազմաթիվ ելևէջներ է ստանալու, որոնցից մեկը Աղթամար կղզում մատուցված պատարագն էր:
«Մենք` «Ժառանգություն» կուսակցությունը, իհարկե, կողմ ենք Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուն, սակայն դրանք պետք է լինեն առանց նախապայմանների, և ես կարծում եմ, որ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցելու միջոցառումը կարող էր շատ լավ առիթ լինել հայկական կողմի համար, որպեսզի արձանագրությունները խորհրդարանից հետ վերցվեին»,- եզրափակել է ԱԺ պատգամավորը: