Ադրբեջանական բանակում բարեփոխումները սկսվել են Ռազմական ոստիկանության լուծարումից: Նման որոշում նախագահական մակարդակով է ընդունվել և իրականացվում է Ադրբեջանի Զինված ուժերի կազմավորման շրջանակներում` ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխանեցնելու համար:
«Իրականում Ռազմական ոստիկանությունն ապօրինի ռազմական կառույց է, և վաղ թե ուշ այն պետք էր լուծարել»,- «Միլազ» գործակալությանը տված հայցազրույցում հայտարարել է Ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլդիրիմ Մամեդովը:
Նրա խոսքով` Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Ռազմական ոստիկանությունը բանակում առկա մի շարք անկանոն երևույթների պատճառներից մեկն է: Փորձագետը նշել է նաև, որ մոտ ժամանակներս նոր կառույց է ձևավորվելու, որն ավելի հզոր է լինելու, քան Պաշտպանության նախարարությունն ու այլ ուժային կառույցները:
Նախորդ շաբաթ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի ցուցումով Բաքվում սկսվել են Ռազմական ոստիկանությանը պատկանող զորամասի լայնածավալ ստուգումները:
Ստուգման ընթացքում զինծառայողների մեծ մասը տեղում չեն եղել, ինչի հետևանքով նախարարը հրահանգել է պատասխանատվության ենթարկել զորամասի ղեկավար, գնդապետ-լեյտենանտ Կլոս Աբասովին: Նշենք, որ այս զորամասում ծառայում են բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները:
Աբիևը նաև Բաքու է հետ կանչել արձակուրդում գտնվող Ռազմական ոստիկանության ղեկավար, գնդապետ Ռովշան Մահարամովին: