Պատմաբան Էդիկ Մինասյանը, ով հուլիսին պատմաբանների խմբի հետ եղել է Արևմտյան Հայաստանում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Թուրքիայում բնակվող հայերի տրամադրություններին, և թուրքական դիվանագիտությանը:
Պատմաբանի խոսքով` թուրքական քաղաքականությունը 2006թ.-ից ամեն միջոց կիրառում է ցեղասպանությունը ժխտելու համար, և վարում է մեր մշակութային ժառանգությունը յուրացնելու և այն ոչնչացնելու քաղաքականությունը: Պատմաբանը տեղեկացրեց, որ 2005թ. Լոնդոնում և Բրյուսելում թուրքերը ցուցահանդեսներ են կազմակերպել, որտեղ հայկական պատմամշակութային արժեքները ներկայցրել են որպես թուրքական արժեքներ:
Մինասյանը կարծում է, որ թուրքերը եթե վերանորոգում են որևէ հայկական եկեղեցի կամ հուշակողոթ, ապա դա հիմնականում հետապնդում է բիզնեսի նպատակ: Եվ քանի որ նրանք նպատակ ունեն անդամակցել ԵՄ-ին, ապա հիմա ուզում են ամբողջ աշխարհին ցույց տալ, որ իրենք քաղաքակիրթ են:
Էդիկ Միանսյանը նշել է, որ թուրքերը Ցեղասպանությանը վերաբերող շատ փաստաթղթեր արխիվներից հանել և ոչնչացրել են, սակայն կան պահպանված Ավստրիայի, Գերմանիայի, Անգլիայի հրատարակած սկզբնաղբյուրները ցեղասպանության մասին, այդ տարիների դեսպանների, դիվանագետների նամակագրությունները, ինչպես նաև այդ ժամանակվա գրողների մեկնաբանությունները հայկական Եղեռնի վերաբերյալ: