Սփյուռքի նախարարության կողմից տրված մեկ միլիոն դրամի չափով դրամաշնորհն օգնել է Ռուբեն Մելքոնյանին հրատարակել Ստամբուլի հայ համայնքի արդի դրության մասին պատմող գիրքը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հեղինակը ներկայացրել է գիրքը և հայտնել, որ դրա ստեղծման համար օգտագործվել են ինչպես հայկական, այնպես էլ թուրքական աղբյուրներ: Ռուբեն Մելքոնյանը նաև մի քանի այցելություններ է կատարել Թուրքիա և սեփական հետազոտությունները կատարել:
«Երբ գիրքը պատրաստ էր, դրա հրատարակման խնդիր առաջացավ, որի համար մեծ ներդրում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդը»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը և պատմել, որ գրքում անդրադարձ կա Ստամբուլի հայ համայնքի կրթական, լեզվական և խառնամուսնությունների թեմաներին:
«Վերջինը լուրջ խնդիր է դարձել, քանի որ արդեն մեծ թիվ են կազմում խառնամուսնությունները Թուրքիայի հայ համայնքի շրջանում»,- ասել թուրքագետը և հավելել, որը նաև Պոլսահայ պատրիարքության թերացումն էլ է իր դերը խաղացել այս խնդրի խորացման հարցում:
Ըստ թուրքագետի` գրքում անդրադարձ կա Ստամբուլի հայ համայնքի տնտեսական կյանքին, մամուլին և դրա պատմական զարգացմանը, մշակույթին, սպորտին, ինչպես նաև հայ համայնքի քաղաքական ուղղվածությանը: