Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կազմակերպվել է մամուլի ասուլիս հունիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ֆրանսիացի պատգամավորների այցի մասին զեկույցի շուրջ:
Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն` զեկույցի հեղինակն է Լուարի դեպարտամենտից ընտրված պատգամավոր և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Արցախ այցելած խորհրդարանականներից մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Պասկալ Կրոզոնը և Ռենե Ռուքեն:
Ֆրանսուա Ռոշբլուանը ներկայացրել է ֆրանսիացի պատգամավորների այցի նպատակը` շնորհակալություն հայտնելով ԼՂՀ ղեկավարությանը այցի կազմակերպման և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Պատգամավորը նշել է այցի օգտակարությունը:
«Պատվիրակությունը իր աչքով է տեսել, թե ինչպես է Ղարաբաղի ժողովուրդը կառուցում իր ժողովրդավարական ինստիտուտներն ու քաղաքացիական հասարակությունը»,- ասել է Ռոշբլուանը, նշելով, որ ֆրանսիացի խորհրդարանականները ներկա են եղել ԼՂՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստին:
Պատգամավորի խոսքերով, Լեռնային Ղարաբաղին այսօր հուզող հիմնական հարցը Ղարաբաղի ժողովրդի անկախության միջազգային ճանաչումն է:
Մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացվել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ֆրանսիայի և ֆրանսիական խորհրդարանի դերի հարցը: