Էկվադորի զինված ուժերին հաջողվել է նախագահին դուրս բերել հիվանդանոցից, որտեղ նրան ժամեր շարունակ պահում էին բողոքող ոստիկանները: Տեղի ԶԼՄ-ի հաղորդմամբ` նախագահ Ռաֆայել Կոռեռային ավտոմեքենայով տարել են դեպքի վայրից:
Բանակային հատուկ ստորաբաժանման անդամները կարողացել են խախտել ոստիկանական օղակն ու հիվանդանոցի շենք են մտել, որի 5-րդ հարկում էլ պահում էին նախագահին:
Նախագահին ազատելու գործողությանը, որը մոտավորապես 30 րոպե է տևել, ավելի քան 500 զինծառայող է մասնակցել, որոնցից 12-ը տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել, հաղորդում է РИА Новости:
Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ նա հիվանդանոցից դուրս կգա` կամ որպես երկրի նախագահ կամ որպես դիակ:
Ազատվելուց հետո նախագահը ելույթով է հանդես եկել` դիմելով իր համախոհներին:
«Երբեք չէի մտածի, որ այս ամենի միջով պիտի անցնեմ»,-ասել է նախագահը: Նա նաև վճռականություն է հայտնել երկրում «քաղաքացիական հեղափոխության» սոցիալական փոխակերպումներ իրականացնել:
Նշենք, որ Էկվադորում հարյուրավոր զինծառայողներ և ոստիկաններ դեմ են դուրս եկել նոր օրենքին, ըստ որի նրանց վճարվող հավելյալ գումարները սահմանափակվում են: