Օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ նախօրեին Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա շիշ են նետել:
Ըստ մեր տեղեկությունների` շիշը դիպել է շարասյան վերջին մեքենային, որի ապակին կոտրվել է: Միջադեպը տեղի է ունեցել ավտոմայրուղու վրա, կորտեժը կանգ չի առել, կանգ է առել միայն թիկնազորին պատկանող վնասված մեքենան:
Հայտնի՞ է արդյոք շիշը նետած անձի ինքնությունը, և ի՞նչ է սպասվում նրան: Ի պատասխան մեր այս հարցի` Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը երեկ հայտարարեց. «Նման միջադեպ տեղի չի ունեցել»:
Ըստ շրջանառվող լուրերի, սակայն, երբ վնասված մեքենան կանգ է առել, տեղում ոչ ոքի չի գտել: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Սերժ Սարգսյանը նախօրեին պաշտոնական այցով մեկնել էր Արարատի և Արագածոտնի մարզեր: Արագածոտնի մարզում էլ, Ուջան գյուղի մոտ տեղի բնակիչները փակած են եղել Սերժ Սարգսյանի ճանապարհը: Ըստ Արմեն Արզումանյանի, ճանապարհը ոչ թե փակել են, այլ պարզապես Սերժ Սարգսյանը տեսել է, որ մարդիկ հավաքված են, և կանգնեցրել է շարասյունը: Պարզվել է, որ Սերժ Սարգսյանին ասելու բան ունեն հուլիսի 27-ին Տավուշի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող ուջանցի պարտադիր ժամկետային զինծառայող Հարութիկ Կիրակոսյանի ծնողները:
Կիրակոսյանն այժմ կալանքի տակ է, և նրա ծնողները պնդել են, որ իրենց որդին որևէ մեղք չի գործել: Սերժ Սարգսյանը, ըստ Արմեն Արզումանյանի, ասել է, թե ինքն ամենաշատն է շահագրգռված, որ դեպքը բացահայտվի: