Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանին հանդիպելու համար նրան այցելել են ոչ միայն «օրենքով գողերը», այլև կառավարական համարանիշերով ավտոմեքենաներով և հատուկ անցաթղթերով չինովնիկները: Այսպիսի եզրակացության է եկել «Новая газета»-ն` ուսումնասիրելով հատուկ ծառայությունների զեկույցը, ովքեր հետևում էին Դեդ Հասանի և նրա հյուրերի հանդիպումը մոսկովյան ռեստորաններից մեկում: Հիշեցնենք, որ Ուսոյանը քրեական աշխարհում հայտնի է Դեդ Հասան կեղծանունով, ում վրա սեպտեմբերի 16-ին մահափորձ էին իրականացրել:
Պարբերականի փոխանցմամբ`հանդիպմանը ժամանած ավտոմեքենաները «գողական» պետհամարանիշեր ունեին: Մի շարք լուսանկարներ են արվել, որոնցում պատկերված տղամարդիկ և կանայք անցյալ տարի ներկա էին մեկ այլ հեղինակություն` Յապոնչիկի թաղման արարողությանը:
Այս մարդկանցից շատերը ներկա են եղել նաև հայտնի քրեական հեղինակություն Անդրեյ Գոլուբևի (Սկիֆ) հուղարկավորությանը:
Լուսանկարներից մեկում իրավապահ մարմինների ներկայացուցիչները նկատել են միջազգային որոնման մեջ գտնվող ադրբեջանցի հեղինակություն Յուսիֆ Ալիևին` Յուսկա կամ Յուսիֆ Բակինսկի կեղծանունով: Նա մեղադրվում է Ադրբեջանի տարածքում սպանություն, բանդիտիզմ, կողոպուտ իրականացնելու մեջ: Հանդիպմանը նա եկել էր Land Cruiser ավտոմեքենայով` Գերագույն դատարանի անցման իրավունքով` փակցված դիմացի ապակուն: Օպերատիվ տվյալների համաձայն` Դեդ Հասանն ինքն է «թագադրել» Յուսկային, ինչից հետո օրենքով գողը Մոսկվայում ղեկավարում է ադրբեջանական սփյուռքը և իր մասնաբաժինն ունի մայրաքաղաքի շուկայում մրգի և բանջարեղենի վաճառքից ստացված եկամուտից: