«Ես չգիտեմ, թե ինչ խնդիրների մասին եք դուք խոսում, որովհետև չեմ սիրում, երբ ասում են. “Վերջին շրջանում խնդիրներ կան Ջավախքում”», այսօր Երևանում հայտարարել է Վրաստանի ԱԳ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն` պատասխանելով Տարածաշրջանային լեզուների կոնվենցիան չվավերացնելու և Ջավախքում վերջին շրջանում առկա կրթական և լեզվական խնդիրների մասին լրագրողի հարցին:
«Առաջին հերթին, ես չգիտեմ, թե ինչ է Ջավախքը, նման վայր աշխարհագրական քարտեզի վրա չկա, համենայնդեպս Վրաստանում», – բավական նյարդային ձայնով ասել է Վաշաձեն` նկատի ունենալով, որ վրացերեն այդ տարածաշրջանի անունը հնչում է «Ջավախեթիա»:
«Երկրորդը` երբ մենք խոսում ենք, այսպես կոչված, կրթական խնդիրների մասին, ես ցանկանում Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 103 հայկական դպրոց է վերանորոգվել Վրաստանի կառավարության ծրագրով, և դրանք վերանորոգվել են նույն տարածքում գտնվող վրացական դպրոցներից շատ առաջ», – հայտարարել է Վաշաձեն` հավելելով, որ բոլոր հայկական դպրոցները հագեցվել են համակարգիչներով:
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումն իրականացվել է Հայաստանի և Վրաստանի կրթության նախարարությունների համատեղ ջանքերով:
«Ես շատ զգացված եմ, որ Վրաստանի կրթության նախարարությունը շնորհակալական նամակ է ստացել Հայաստանի կրթության նախարարությունից», – ասել է Վաշաձեն:
Նա հիշեցրել է նաև Վրաստանի կառավարության մեկ այլ հատուկ ծրագրի մասին, համաձայն որի Վրաստանում հայերը հնարավորություն ունեն բուհերում հիմնական առարկայի քննությունը հանձնել հայերեն լեզվով և հետո ֆինանսավորում ստանան կառավարության կողմից` մեկ տարի վրացերենի դասընթացներ անցնելու նպատակով: