ՀՀ ԱԺ խմբակցությունները նամակ են հղել միջազգային կառույցների ղեկավարներին:
Նամակը ներկայացնում ենք ստորև.
«ՄԱԿ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԻՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԵԺԻ ԲՈՒԶԵԿԻՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ
ԵԱՀԿ – Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ
ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ՊԵՏՐՈՍ ԷՖԹԻՄԻՈՒԻՆ
Հոկտեմբերի 5-ին՝ գիշերվա ժամը 3-ին, Ադրբեջանում մահացել է Հայաստանի սահմանամերձ գոտուց առևանգված քաղաքացիական անձ, հովիվ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: Հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությանը՝ այդ երկրի լրատվամիջոցները նշում են, թե տեղի ունեցածն ինքնասպանություն է։ Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվել էր մի տեսահոլովակ, որում պարզ երևում են Մ.Սարիբեկյանի վրա առկա խոշտանգումների հետքերը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի Հանրապետության իշխանությանը Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ և պահանջում են Ադրբեջանից` իր կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածի դրույթներին, Ժնևյան կոնվենցիաների և ՄԱԿ-ի 1984թ. դեկտեմբերի 10-ին ընդունված` «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» Կոնվենցիային համապատասխան պատասխանատվության ենթարկել Մանվել Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց:
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միջազգային կարմիր խաչի կոմիտեն հանդիսանում է Ժնևյան կոնվենցիայի և կից արձանագրությունների դրույթների պահպանության երաշխավորը, Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցությունները դատապարտում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի և Բաքվի գրասենյակների անգործությունն ու պասիվությունը:
Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող ինքնասպանության պաշտոնական վարկածը, մեր կողմից գնահատվում է որպես պատասխանատվությունից խուսափելու և անպատժելիության կիրառման փորձ, քանի որ քաղաքացու մոտ նախքան մահն առկա են եղել բռնության հետքեր:
Ինքնասպանության վարկածի դեպքում անգամ ծագում է քաղաքացուն ինքնասպանության հակելու կամ հասցնելու վարկածը, ինչը պետք է մանրամասն քննության առնվի Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից` անպայմանորեն գործընթացին մասնակից դարձնելով Հայաստանի Հանրապետության և միջազգային փորձագետներին:
Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացրած Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատու է իր երկրի վարչական սահմաններում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության համար: Օտարերկրյա քաղաքացու կյանքի դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգության բացահայտմանը պետք է մասնակից դարձվեն այն երկրի ներկայացուցիչները, որի հովանավորության ներքո գտնվում է տվայլ անձը:
Ուստի պահանջում ենք Հայաստանի Հանրապետության հովանավորությունը կրող Մանվել Սարիբեկյանի մահվան գործի քննությանը ներգրավել ՀՀ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Նաև կոչ ենք անում ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին, ՄԱԿ-ի և Եվրոպական Միության համապատասխան մարմիններին նպաստել այս դեպքի կապակցությամբ հետաքննությանը ներգրավելու Հայաստանի և միջազգային անկախ փորձագետներին:
ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցություններ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն `
Գալուստ Սահակյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն `
Գագիկ Ծառուկյան
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն`
Վահան Հովհաննիսյան
«Օրինած Երկիր» կուսակցություն `
Հեղինե Բիշարյան
«Ժառանգություն» կուսակցություն `
Ստեփան Սաֆարյան»