Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Գուս Հիդինկը 2014 թվականին ավարտելու է իր մարզչական գործունեությունը:
«Իմ նպատակը Թուրքիայի ընտրանուն 2014 թվականի աշխարհի խաղերի եզրափակիչ դուրս բերելն է, ինչից հետո այլևս մարզչական գործունեությամբ չեմ զբաղվելու»,- ասել է հոլանդացի մարզիչը NTV Spor-ին տված հարցազրույցում:
Հոլանդացի մարզիչը Թուրքիայում սուր քննադատության էր ենթարկվել նրանից հետո, երբ Թուրքիայի հավաքականը 2012 թվականի Եվրոպայի խաղերի նախընտրական փուլում 0:3 հաշվով պարտություն էր կրել Գերմանիայի ընտրանուց:
Մի շարք թուրք քաղաքական գործիչներ, վստահ լինելով, որ Թուրքիայի պարտության մեջ մեղավոր է մարզիչը, մտադրվել էին խորհրդարան դիմել` Հիդինկի աշխատավարձի չափը բարձրաձայնելու պահանջով: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մահմուդ Օզգեները կարողացել է համոզել խորհրդարանականներին աղմուկ չբարձրացնել` նրանց հայտնելով, որ տարեկան Հիդինկը 4 միլիոն դոլար է ստանում, հաղորդում է թուրքական Miliyet-ը:
Նշենք նաև, որ թուրքական ԶԼՄ-երը Հիդինկին աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների շարքին են դասել` պնդելով, թե նրա աշխատավարձը իրականում տարեկան 8 միլիոն դոլար է կազմում: