Թբիլիսի կատարած իր այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աշխատում է Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու ուղղությամբ:
Ադրբեջանցի քաղաքագետ Ռագիմ Գաջիևի կարծիքով` ՆԱՏՕ-ն որոշել է ավելի ակտիվ օժանդակել Վրաստանին, որը լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանի հետ հարաբերություններում, նշում է «Ազադլիգ»-ը:
Գաջիևն այն կարծիքին է, որ Ռասմուսենի վճռական և վստահ հայտարարությունների հետևում` Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ի ահագնացող շահագրգռվածությունն է:
«Սա Ռուսաստանի և Հայաստանի միջև Ռուսաստանի ռազմակայանի վերաբերյալ վերջերս կնքած պայմանագրի հետևանքն է: Ռուս-հայկական համաձայնությունը խոսում է Մոսկվայի լուրջ մտադրությունների մասին Հարավային Կովկասի տարածքում որքան հնարավոր է երկար պահպանել իր ազդեցությունը: Այս գործընթացի այլընտրանքային տարբերակը Արևմուտքը դիտարկում է Թուրքիայի և Վրաստանի միջև միություն ձևավորելու մեջ, իսկ Ադրբեջանի ներկայությունը այս միությունում տարածաշրջանում ավելի կամրապնդեր արևմտյան դիրքորոշումները: Այս դեպքում հայ-ռուսական միությունը ձևական բնույթ կկրեր, որը ոչ մի ուժ չէր ունենա»,-ասել է փորձագետը: