Home / Հայաստան / Հայաստանի հավաքականը երրորդն է B խմբում

Հայաստանի հավաքականը երրորդն է B խմբում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, 4:0 հաշվով պարտության մատնելով Ադնորրայի ընտրանուն, 4 խաղից հետո 7 միավորով կիսում է 2-րդից 4-րդ հորիզոնականները Եվրո-2012 ընտրական փուլի B խմբում:

Առաջին հորիզոնականում Ռուսաստանի հավաքականն է, որը 4-րդ տուրում 1:0 հաշվով մրցակցի հարկի տակ պարտության մատնեց Մակեդոնիայի թիմին: Հարկ է նշել, որ մակեդոնացիները կարող էին փրկվել, ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի հետ խաղում, սակայն Իլչե Նաումոսկին 73-րդ րոպեին չիրացրեց 11-մետրանոց հարվածը: Սա ռուսաստանցիների 3-րդ հաղթանակն էր 4 խաղում, և դա հնարավորություն տվեց նրանց 9 միավորով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

7 միավոր են վաստակել Հայաստանի, Սլովակիայի և Իռլանդիայի հավաքականները: Վերջին երկու թիմերը հանդիպեցին միմյանց Բրատիսլավայում և ոչ-ոքի խաղացին 1:1: Այստեղ էլ 11-մետրանոց չիրացվեց. 45-րդ րոպեին վրիպեց իռլանդացի Ռոբբի Կինը: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ն իռլանդացիներին երկրորդ տեղն է տվել լրացուցիչ ցուցանիշների պատճառով՝ Իռլանդիան Հայաստանի և Սլովակիայի հետ խաղերում վաստակել է 4 միավոր, մինդեռ մեր թիմը և Սլովակիայի ընտրանին՝ 3-ական: Այս լրացուցիչ ցուցանիշով Հայաստանը 3-րդն է:
Մակեդոնիայի ընտրանին 4 միավորով 5-րդն է, իսկ Անդորրան դեռևս ոչ մի միավոր չի վաստակել:

Հարկ է նշել, որ Հայաստանի հավաքականն իր բոլոր մրցակիցներից շատ գնդակ է խփել՝ 9-ը, և ունի խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերությունը՝ +5: