Արդեն երկու օր է «Կոշ» քրեակատրողական հիմնարկի վարչակազմը տարբեր պատճառաբանություններով «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պաշտպաններին թույլ չի տալիս հանդիպել իրենց վստահորդի հետ:
Նիկոլ Փաշինյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ հոկտեմբերի 13-ին «Կոշ» ՔՀԿ-ում իրեն թույլ չեն տվել հանդիպել Փաշինյանի հետ` պատճառաբանելով, թե պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մուրադյանը զբաղված է նոր բերված դատապարտյալներով: Երեկ, երբ փաստաբանը այցելել է ՔՀԿ, նրան հայտնել են, թե «Կոշ»-ի ԺՊ-ն տեղում չէ, և առանց նրա հնարավոր չէ տեսակցություն թույլատրել: ՔՀԿ-ի ղեկավարը վերադարձել է ժամը 17-ին և Գիվի Հովհաննիսյանին ասել, թե տեսակցության չի կարող թույլատրել, քանի որ դրա համար նախատեսված ժամն ավարտվել է: Այսօրվա հանրահավաքին ընդառաջ Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու խնդիրը «Կոշ» ՔՀԿ-ի վարչակազմը լուծում է ՀՀ օրենսդրության պահանջները բացահայտ ոտնահարելով: Նշենք, որ ՔԿ հիմնարկի ղեկավարությունը ցանկացած պարագայում պարտավոր է ապահովել փաստաբանի տեսակցությունը իր վստահորդի հետ: