Օրաթերթը պատմում է «Էրեբունի-Երևան» միջոցառման ժամանակ Երևան հրավիրված գերմանական Boney M խմբի «արկածների» մասին:
Այս խմբի հրավերքի հետ կապված, մեր տեղեկություններով, մի շարք ուշագրավ միջադեպեր են գրանցվել: Ըստ մեր աղբյուրների`գերմանական այս խմբի հրավերքի ծախսը հոգացել էր «Ռոսգոստրախը», որը երգիչներին էր վճարել 60 հազար ԱՄՆ դոլար: Ուշագրավն այն է, սակայն, որ 60 հազար դոլար վճարողները ափսոսացել էին VIP տեղեր վերցնել երգիչների համար, ինչի արդյունքում գերմանացի երգիչները ավելի քան չորս ժամ մյուս ուղևորների հետ ստիպված են եղել սպասել «Զվարթնոց» օդանավակայանում` մինչև կհասներ իրենց հերթը: Այդքան սպասեցնելուց հետո, ի վերջո, գերմանացի երգիչներին է մոտեցել «Միասին» շարժման համակարգող, նախկին հաղորդավար Էրիկ Անթառանյանը` մի խումբ մարդկանց ուղեկցությամբ և չորս ժամ անց դիմավորել Boney M-ին: Նշենք, որ գերմանացի երգիչները Երևան էին ժամանել հոկտեմբերի 9-ի առավոտյան` Բեռլին-Պրահա-Երևան չվերթով: