Թուրքական Սիվրիհիսար գյուղաքաղաքում, որը գտնվում է Էսքիշեհիր քաղաքի մոտ (Ստամբուլից 330 կմ հեռավորության վրա- Epress.am), շարունակվում է հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու վերանորոգումը: Ինչպես հաղորդում է «Ագոս» հայ-թուրքական շաբաթաթերթը, եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են, մինչև տարեվերջ ավարտված կլինի եկեղեցու արտաքին հարդարանքը: Ձմռանը աշխատանքները կդադարեցվեն և կվերսկսվեն հաջորդ տարի:
Սուրբ Երրորդություն եկեղեցին նախկինում պատկանում էր Սիվրիհիսարի քաղաքապետարանին, սակայն այժմ հանձնվել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը, որն էլ ձեռնամուխ է եղել եկեղեցու վերանորոգմանը: Կառույցի վերանորոգումից հետո այն պետք է գործի որպես եկեղեցի` գմբեթի խաչով և զանգով, իսկ երբեմն էլ եկեղեցում համերգներ կկայանան:
Նշենք, որ Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1881 թվականին, սակայն 1915թ. Հայոց Ցեղասպանությունից հետո մատնվել է անտերության և վերածվել աղբանոցի, ապա օգտագործվել է որպես էլեկտրակայան: