Մոսկվայում կայացած գիտագործնական համաժողովի մասնակիցները Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի քննարկման ժամանակ եկել են այն եզրահանգման, որ Կովկասի բնակիչները կազմում են բնակչության ամենախոցելի խումբը, հաղորդում է Kavkaz Online-ը:
Փաստաբանները, իրավապաշտպանները և հասարակական կազմակերպությունների ակտիվիստները խոսել են նաև այն մասին, թե ինչպես կարելի է Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում պաշտպանել կովկասցիներին: Համաժողովի մասնակիցները կարծում են, որ կովկասցիների իրավունքները ռուսական քաղաքներում մշտապես ոտնահարվում են:
«Մեր քաղաքացիներից քչերն են դիմում դատարան` ենթարկվելով սեփական իրավունքների ոտնահարմանը: Գաղթականներն ընդհանրապես չեն դիմում` անարդյունավետ համարելով դա»,- նշել է Միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Աշոտ Հայրապետյանը:
Ըստ վերջինիս` ազգային փոքրամասնությունները հազար անգամ կնախընտրեն կաշառք տալ, քան հույսները դնեն արդար դատարանի վրա: