Հոկտեմբերի 25-28-ը Երևանում անցկացվում է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների 4-րդ համաժողովը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով:
ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների երևանյան համաժողովին մասնակցում են շուրջ 130 պատվիրակներ 22 երկրներից:
Համաժողովի շրջանակներում այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կբացվի գրքի միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն շուրջ 50 հրատարակչություններ ու պարբերական հրատարակություններ,հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
«Գրքի ցուցահանդեսն իբրև տեղեկատվական տարածք` ի նպաստ թարգմանական գրականության զարգացման» խորագրի ներքո անցկացվում է գրքերի շուրջ 30 շնորհանդեսներ, ներկայացվում են գրահրատարակչական նորություններ, իրենց գրքերը համատեղ ներկայացնում են հեղինակներն ու թարգմանիչները:
Համաժողովն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, աջակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի և ԱՊՀ մասնակից
պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի: