Լոնդոնում բնակվող գործարար Բորիս Բերեզովսկին մտահոգված է ԶԼՄ-ների տարածած լուրերով:
Հիշեցնենք, որ երեկ ռուսաստանյան մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե տամբովյան հանցագործ խմբավորման անդամ Յուրի Կոլչինը, ով դատապարտվել է Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի սպանության գործով, հայտնի հեռուստալրագրող Վլադիսլավ Լիստևի սպանության հավանական պատվիրատուների շարքում նշել էր նաև Բերեզովսկու անունը:
«Այս ամենն ինձ համար շատ անսպասելի էր: Ավելի վաղ կարծում էի, թե սպանության պատասխանատուն Կորժակովն է (նախագահ Ելցինի օրոք ժամանակ նա Կրեմլի թիկնապահների ղեկավարն էր): Իսկ այժմ հայտնվել են Պիտերի ավազակները, և կարծում եմ, որ Պուտինը կարող էր պատվիրել Լիստևին նրանց միջոցով»,-Լոնդոնից հեռախոսով փոխանցել է Բերեզովսկին, հայտնում է Korrespondent-ը:
Բերեզովսկու խոսքով` ընտրություններից առաջ Պուտինը ցանկանում է ազատվել «կասկածելի պատմություններից», այդ թվում` Լիստևի հետ կապված պատմությունից: Իսկ մեղքը բարդելու լավագույն թեկնածուն հենց ինքն է` Բերեզովսկին: