Երեկ Գյումրիի ՌԴ զորամասերից մեկում մահացած երկու զինծառայողների գործով զբաղվում է ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեն: Ինչպես հաղորդում է «Ժամանակ» օրաթերթը, գործը քննող քննիչները հիմնականում մեկ ուղղությամբ են աշխատում:
«Ըստ որոշ տեղեկությունների` սպանվածներից մեկը հարաբերություններ է ունեցել ամուսնացած կնոջ հետ, և հիմա քննիչները հենց այդ կնոջ ամուսնուն են կասկածում զինծառայողին սպանելու հարցում», – գրում է օրաթերթը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, Գյումրիում տեղակայված ՌԴ մի զորամասից ոստիկանության Էրեբունու բաժնում գրություն է ստացվել, որ ժամը 09.39-ին ՌԴ սահմանապահ վարչության վերակարգի հանգստի սենյակներից մեկում հայտնաբերվել են նույն զորամասի պայմանագրային զինծառայողներ` ՌԴ քաղաքացիներ, 1983 թ. ծնված Արմեն Զախարյանի և 1971 թ. ծնված Արթուր Ենոքյանի դիակները` կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: