ՀՀԿ-ն` լինելով Արցախյան պայքարի առաջամարտիկներից մեկը, չի կարող ազգային խնդիրներում ապազգային դիրքորոշում ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգության» առաջարկած նախագիծը:
«Երբ որ ժամանակը գա, հանրապետականներն իրենք կարող են արտահերթ նիստ գումարել: Սա այն որոշումն է, որ պետք է անցնի 131 կողմով, և հանրապետականը դեմ չի քվեարկելու» – ասել է Շարմազանովը:
Նրա խոսքով` քանի դեռ բանակցությունները շարունակվում են, նպատակահարմար չէ, որ Հայաստայի Ազգային Ժողովը ճանաչի ԼՂ Հանրապետությունը, «որորվհետև, ինչպես նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինքնանպատակ քայլերը չեն կարող օգուտ տալ»:
Ըստ ՀՀԿ խոսնակի` իր գործընկերները դեռ չեն համոզել իրեն և իր կոալիցիոն գործընկերներին, որ ԼՂՀ ճանաչումը կարող է օգտակար լինել Արցախի անկախության միջազգային ճանաչման համար:
Ինչ վերաբերում է ԱԺ օրակարգ հարցը մտցնելու շուրջ քվեարկությանը, ապա, Շարմազանովի խոսքով, հավանական է, որ հանրապետականները դրան չմասնակցեն: