Անկախ այն փաստից, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Քունաշիր կատարած այցից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները սրվել են, Կուրիլների նկատմամբ ռուսական կողմի դիրքորոշումը չի փոխվել:
Խաղաղության համաձայնության ստորագրումից հետո Ռուսաստանը պատրաստ է քննարկել Շիկոտան կղզու, ինչպես նաև Հաբոմայի կղզիախմբի վերադարձը Ճապոնիային` 1956 թվականին Խորհրդային Միության և Ճապոնիայի միջև կնքված հռչակագրի շրջանակներում, գրում է Коммерсант-ը` հղում կատարելով ՌԴ Արտաքին գործերի նախարարության աղբյուրի տվյալներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը հարցի կարգավորման նման տարբերակ էր առաջարկել, բայց Տոկիոն հայտարարել էր, որ պահանջում է բոլոր օկուպացված տարածքների վերադարձը:
Դմիտրի Մեդվեդևի Քունաշիր կատարած այցը սուր քննադատության էր արժանացել ճապոնական իշխանությունների կողմից: Երեկ հայտնի դարձավ, որ Ճապոնիան ժամանակավոր հետ է կանչել Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Մասահարու Կոնոյին: Ճապոնիայի ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է դիվանագիտական պարտության մեջ, ինչին ի պատասխան` իշխող կուսակցությունն արդարացել է. «Հարկավոր էր պայթեցնել Մեդվեդևի ինքնաթիռը»: