«Ուսանողը պետք է ակտիվ լինի, խենթ պիտի լինի, էսօրվա մեր ուսանողները խենթ չեն», – խոսելով ուսանողների համար նախատեսված իր ներկայացումների մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է դերասան Վարդան Պետրոսյանը:
Դերասանի խոսքով` իր հանդիպումները նպատակ ունեն հայ ուսանողների մեջ հասարակական գիտակցությունը բարձրացնել:
Վարդան Պետրոսյանը պատմել է, որ հանդիպումներ է ունեցել Վանաձորի, Գյումրիի և Երևանի բուհերի ուսանողների հետ, որոնցից առանձնացրել է հատկապես Երևանի Կոնսերվատորիայի ուսանողների հետ հանդիպումը, որը «շատ պրոդուկտիվ» է անցել:
Պետրոսյանն առանձնակի ցանկություն չունի խաղալ Թատերական ինստիտուտում, քանի որ մի քանի անգամ ուսանողության հետ հանդիպելուց հետո հասկացել է, որ թատերականի ուսանողներից շատերը գնում են միայն իրեն` դերասանին, «մոտիկից տեսնելու»:
«Թատերականի ուսանողների հետ իմ հանդիպումներն ամենավատ հանդիպումներն են: Ես և նրանք չենք կարողանում այն ինտիմությունը ստեղծել, որպեսզի անկեղծ երկխոսություն կայանա»,- նշել է բանախոսը:
Նա ողջունել է նաև Թեղուտի անտառների համար, իր խոսքերով, «ճակատ տվող» երիտասարդներին:
Իսկ Epress.am-ի այն հարցին, թե արդյոք միայն բնապահպանական խնդիրների բարձրաձայնումից է տեղյակ Վարդան Պետրոսյանը, և ծանոթ է արդյոք քաղաքական ակտիվությամբ երիտասարդական նախաձեռնություններին, նա ասել է, որ ակտիվ քաղաքացիական կյանք չի վարում, քանի որ համարում է, որ ուժեղ Է բեմում` որպես դերասան, և ուղղակի չի կարող լիովին տեղյակ լինել բոլոր հասարակական նախաձեռնություններին:
«Իմ խոսքը ծակող է բեմից: Եթե ես գնամ հավաքներին ելույթ ունենամ, գոռգոռամ, կարող է մի տասը մարդ ասի` էս ինչ լավ բաներ ա ասում Վարդանը, բայց ես միաժամանակ կկորցնեմ իմ հանդիսատեսների մի ամբողջ բանակ»,- ասել է դերասանը: