Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալներով` Եվրոպայում կանանց շրջանում քաղցկեղի պատճառով մահվան դեպքերի մեծ մասը կապված է կրծքագեղձի ուռուցքի հետ (17,2%), իսկ տղամարդկանց շրջանում` թոքերի ուռուցքի հետ (26,9%):
Որպես օրինակ նշվում է, որ Ռումինիայում մեծ թիվ է կազմում արգանդի ուռուցքից մահացածների թիվը, իսկ Հայաստանում և Բելգիայում` կրծքագեղձի ուռուցքից` 100 հազար բնակչություն հաշվարկով 37 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս թվերը Հայաստանում և Բելգիայում կապում են գենետիկայի հետ, իսկ Ռումինիայի դեպքում` բնակչության հիգիենայի մակարդակի պակասի հետ:
Վիճակագրկան տվյալների համաձայն` ընդհանուր առմամբ ուռուցքի պատճառով մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հունգարիայում: Այստեղ 100 հազար բնակչության հաշվարկով մահվան 458 դեպքը գրանցվում է քաղցկեղի պատճառով: Երկրորդ տեղը կիսել են Ռուսաստանն ու Ուկրաինան` 100 հազար բնակչության հաշվարկով մահվան 347 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարծիքով` նման տվյալները պայմանավորված են այս երկրներում ծխախոտ օգտագործողների մեծ թվով մարդկանց պատճառով:
Թոքերի ուռուցքից մահացության ամենաշատ դեպքերը գրանցվել են Հունգարիայում` 100 հազար բնակչության հաշվարկով 135 դեպք: Մահացության բարձր ցուցանիշ է գրանցվել նաև Լեհաստանում` 93 դեպք և Խորվաթիայում` 86 դեպք: