ԱՄՆ-ի Օհայո նահանգի 71-ամյա ուսուցչուհուն ազատել են աշխատանքից այն պատճառով, որ վերջինս քնել է դասերի ժամանակ, գրում է UPI-ը:
Քերոլ Սմիթն աշխատանքից հեռացվել էր դեռևս ընթացիկ տարվա ապրիլին: Գարնանը դպրոցի ղեկավարությունը նման քայլի էր դիմել այն պատճառով, որ դասերից մեկի ժամանակ ուսուցչուհին պոռնոգրաֆիկ ամսագրեր էր քննարկել աշակերտների հետ: Այնինչ հետագայում պարզվել է, որ դասի թեման, որի ժամանակ Սմիթը խոսել է Playboy և Playgirl ամսագրերի մասին, նվիրված էր դեղին մամուլին: Որոշում է կայացվել, որ դասընթացի ընթացքում այս ամսագրերին անդրադառնալը բխում էր ուսումնական գործընթացից:
Քերոլի գործունեության ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ նա հաճախ է ուշացել դասերից և անգամ քնել է դասերի ժամանակ: Քանի որ ուսուցչուհու` քնած լինելու ընթացքում դասարանն առանց հսկողության էր մնում, ապա մանկավարժական խորհուրդը որոշել է, որ ուսուցչուհու վարքագիծը վտանգում է աշակերտների անվտանգությունը: