Հայաստանում առանց իշխանական մարմինների թույլտվության ոչ միայն ընդդիմությանն է արգելված այս կամ այն միջոցառումն անցկացնել, այլ նաև բազմաթիվ հասարկական կազմակերպությունների է արգելվում տարբեր դահլիճային միջոցառում անցկացնել:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը խոսել է Հայաստանում հավաքների ազատության և դրանց իրավունքների ոտնահարման մասին:
Epress.am-ի այն հարցին, թե ինչ կարծիք ունի բանախոսը Հայաստանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման վերաբերյալ և ինչով է նա պայմանավորում այն փաստը, որ մի քանի անգամ ճնշումների ազդեցության տակ փառատոնի կազմակերպիչներին տարածք չեն տրամադրում և այն հետաձգվում է, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, որ դա բռնապետատական ռեժիմի դրսևորումներից մեկն է:
«Ես չեմ դիտել այդ ֆիլմերը, և տեղյակ չեմ դրանց բովանդակությանը: Եթե ֆիլմերում կան ազգամիջյան թշնամանք սերմանող տարրեր, ապա կա համապատասխան օրենք, այդ հարցերը սահմանադրությամբ հստակ կարող են կարգավորվել, և թող դիմեն դատարան, և դատարանը կորոշի»,- ասել է ՀԱԿ համակարգողը: