«ՉԻ»-ն ևս մեկ անգամ անդրադարձել է «Մոսկվիչկա» սուպերմարկետի թեմային:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետի և «Վերանդա» ռեստորանի մասին երեկվա մեր լուրը լրացնելով` հարևանությամբ բնակվողները մեզ տեղեկացրին ևս մի ապօրինության մասին: «Քանի որ Ներսիկ Նազարյանը այդ տարածքում ունի ոչ միայն սուպերմարկետ ու ռեստորան, այլև նրան են պատկանում այդ շենքի 1-3 հարկերն ամբողջությամբ, և երրորդ հարկում էլ Ներսիկի էլիտար բնակարանն է, Երևան քաղաքի գլխավոր ոստիկանը համարում է, թե շրջակայքում ինչ կա` իրենն է»,- ասացին Ներսիկի ամենազորության ամենօրյա ականատեսները: Պարզվում է` երբ շուրջ 1-1,5 ամիս առաջ մեծ շուքով բացվել է «Մոսկվիչկան», շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչպե՞ս է շուրջօրյա աշխատելու սուպերմարկետը, քանի որ հենց խանութի մոտ` երեկոյան 17-ից մինչև 24-ն այդ տարածքում ավտոմեքենաների երթևեկությունն արգելող նշան է եղել: Բայց Նազարյանի համար այդ ցուցանակը հանելը խնդիր չի եղել, և հիմա արդեն կարելի է, որ ավտոմեքենաներն անարգել երթևեկեն, և «Մոսկվիչկայի» առևտուրն առաջ գնա. չ՞է որ «Մոսկվիչկան» և «Վերանդան» ենթադրում են հարուստ հաճախորդներ, որոնք թանկարժեք մեքենաներով են շրջում: