Օրաթերթի հետ զրույցում ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հաստատել է, որ ԱՄՆ-ում գործող հայկական մաֆիոզ խմբավորման պարագլուխ Արմեն Ղազարյանը ժամանակին ձերբակալվել է Հայաստանում:
-Դուք ներսից կիմանաք նաև այն ամբողջ պատմությունը, որ պտտվում է Արմեն Ղազարյանի շուրջ: Ի վերջո, նա եկե՞լ է Հայաստան Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին, թե ոչ: Դուք այդ ժամանակ համակարգում եք եղել և դժվար թե չիմանաք այդ պատմության մանրամասները:
-Նա եկել է Հայաստան: Ձերբակալման դեպքը օդանավակայանում իրական է եղել, հետո նաև նրա ազատման դեպքն էլ է համապատասխանում իրականությանը: Ես դա գիտեմ ոչ ասեկոսեների մակարդակով:
– Այսինքն` Արմեն Ղազարյանն իսկապես եկել է Երևան, ապա ձերբակալվել է, հետո…
-Հետո ազատ է արձակվել ու նորից լքել է Հայաստանը:
-Ո՞ր թվականին:
-Եթե չեմ սխալվում, դա պետք է լիներ 2000 թվականի հունվարը կամ էլ 1999 թվականի դեկտեմբերը: Եկել է Նոր տարուց առաջ, ձերբակալել են, Նոր տարուց հետո ազատ են արձակել:
-Հայաստանյան օրենսդրության շրջանակներում` ինչի՞ մեջ էր նա մեղադրվում, որ օդանավակայանում ձերբակալվեց:
-Դա արդեն ես չեմ կարող ասել, ես այն ժամանակ ՀՀ զինվորական դատախազն էի, իսկ նա քաղաքացիական անձ է եղել: