Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների, արդարության և փոխադարձ հարգանքի պայմաններում: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` Բաքու կատարած այցի ժամանակ Lider հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Տարածաշրջանի ազգերը պետք է խաղաղության և ընկերության մթնոլորտում ապրեն: Մենք հարևան պետություն ենք և դա չենք կարող հերքել: Դա աշխարհագրություն է և պատմություն: Եթե մենք փորձենք լուծել մեր խնդիրներն արդար և եղբայրական ճանապարհով, ապա ամեն ինչ իր լուծումը կունենա: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բանակցությունների, արդարության և փոխադարձ հարգանքի միջոցով»,- ասել է Ահմադինեժադը:
Իրանի նախագահի կարծիքով` տարածաշրջանում հակամարտության առկայությունը վնաս է հասցնում տարածաշրջանի բոլոր պետություններին:
«Դրա պատճառով երկու կողմերը գումարներ ու ժամանակ են կորցնում, լարվածություն է առաջանում և զարգացումը կանխվում է: Մենք բազմիցս հայտարարել ենք և այժմ էլ պնդում ենք, որ Իրանը պատրաստ է օգնել հիմնախնդրի լուծմանը»,-նշել է Իրանի նախագահը:
Պատասխանելով լրագրողւ այն հարցին, թե Հայաստանը չի ընդունել Իրանի կողմից բանակացային գործընթացին միջնորդի դեր ստանձնելու առաջարկը` Ահմադինեժադն ասել է, որ իր երկիրը հայտարարել էր խնդրի լուծմանն օգնելու իր պատրաստակամության մասին:
«Մեր կողմից առաջին քայլերն արված են: Եթե արդյունքը չլինի, ապա նոր քայլեր կձեռնարկենք: Կարծում ենք` տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի շրջանակներում: Արտերկրացիների միջամտությունը ավելի կխորացնի այս խնդիրը: Փորձը դա է ցույց տալիս: Թող բանակցությունները շարունակվեն և հուսանք, լուծման այլ տարբերակներ կառաջարկվեն»,- ասել է Ահմադինեժադը: