Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին քննադատության է արժանացել նրանից հետո, երբ պարզվել է, որ վերջինս հրահանգել է «կոսմետիկ վիրահատության» ենթարկել Հին Հռոմի ժամանակաշրջանին պատկանող երկու մարմարե արձանները:
Արձանները պատերազմի աստված Մարսին և սիրո աստվածուհի Վեներային են խորհրդանշում: Այս արձանները գտնվել են 100 հազար տարի առաջ և այժմ վարչապետի Հռոմի բնակարանում են: Մինչ այդ դրանք իտալական թանգարաններից մեկում են պահվել: Բերլուսկոնին անձամբ է հրահանգել վերականգնել հնագույն արձանների հատվածները` Մարս աստծու առնանդամը և Վեներայի ձեռքը, գրում է BBC-ն:
Արվեստաբաններն այն կարծիքին են, որ արձանների նկատմամբ նման գործողությունը դեմ է գեղարվեստի նորմերին:
Բերլուսկոնին որոշել է փոխել արձանների տեսքը` Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի` Իտալիա կատարած այցից հետո: «Ինչու Չինաստանի արձաններն այնպիսի տեսք ունեն, ասես նոր են, իսկ մեր արձանները կամ ձեռք չունեն, կամ ոտք: Ուղղեք դա»,- հայտարարել է Բերլուսկոնին:
Արձանների պատճառով Բերլուսկոնիի շուրջ ծավալված սկանդալին վերջ է դրել ճարտարապետ Մարիո Կատալանոն` հավաստիացնելով, որ արձաններից պակասող հատվածները մագնիսով են ամրացվում: Ուստի` արձանների գեղագիտական արժեքը չի տուժում: