Ռուսաստանը պատրաստ է Իրանին որոշակի երաշխիքներ տալ, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ չի իրականացնելու: Այս մասին Эхо Москвы ռադիոկայանի եթերում հայտարարել է լրագրող Մաքսիմ Շևչենկոն` մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` երեկ Բաքվում կայացած հանդիպումը:
Լրագրողի կարծիքով` Ռուսաստանի նման մոտեցման վրա «ազդել է Հայաստանի բավական կոշտ դիրքորոշումը»:
«Երբ վերջերս Երևանում մասնակցում էի խոշոր մեդիա համաժողովի, որին ներկա էին նաև ռուսական առաջատար ԶԼՄ-երի ղեկավարները, հանդիպումներ տեղի ունեցան նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկուսն էլ վստահեցրեցին, որ Իրանը Հայաստանի կարևորագույն դաշնակիցներից է: Մեջբերում եմ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը. «Երբեք աշխարհի որևէ երկրում հայերն այնքան հարմարավետ չեն ապրել, որքան Իրանում, այդ իսկ պատճառով Հայաստանը երբեք չի դավաճանի Իրանին»: Վստահ եմ, որ այս հարցում ՀԱՊԿ դաշնակից Հայաստանի դիրքորոշումը ազդել է նաև նախագահ Մեդվեդևի դիրքորոշման վրա»,- ասել է մոսկվացի լրագրողը: