Երբ Հայաստանում ԱՄՆ Դեսպանատունը որևէ նախագիծ իրականացնելու համար դրամաշնորհ է տրամադրում, ապա դրամաշնորհ ստացողը պատասխանատու է ծրագրի իրականացման համար: Պատասխանելով Epress.am-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ դեսպանատունը պատրաստվում է որևէ կերպ միջամտել ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման գործընթացին, որն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, իրավիճակն այսպես է ներկայացրել դեսպանատան մամուլի խոսնակ Քերըն Ռոբլին:
Միևնույն ժամանակ, Ռոբլին նշել է, որ երբ դրամաշնորհ ստացողը խնդիրների առջև է կանգնում` խոսքի ազատության և ազատ հավաք կազմակերպելու իրավունքները կյանքի կոչելիս, ապա ԱՄՆ դեսպանատունը կարող է նրա անունից բանակցել պաշտոնական կառույցների հետ:
«Այս դեպքում հենց այդպես էլ արել ենք և շարունակելու ենք նույն կերպ վարվել այն դեպքերում, երբ խոսքի ազատությունը և ազատորեն հավաք անցկացնելու իրավունքները ոտնահարվում են: Մենք հասկանում ենք, որ հայերից շատերը կարող են չհամաձայնել նման փառատոնի անցկանցման փաստի հետ: Նրանք կարող են ընտրություն կատարել և չմասնակցել փառատոնին: Հույս ունեինք, որ նրանք, ովքեր այս ֆիլմերի ցուցադրումը վիճարկելի էին համարում, զսպվածություն կցուցաբերեին իրենց կարծիքն արտահայտելիս և կհարգեին կազմակերպիչների կարծիքը:
Ցավոք սրտի, կազմակերպիչները սուր քննադատության են ենթարկվել, և անգամ հատուկ արշավ էր կազմակերպվել այդ ամենը կանխելու նպատակով: Ցավում ենք դրա համար », – ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը: