Նոյեմբերի 20-ին Մինսկում կայացած մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հաղթող, Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը մամուլի ասուլիսին ներկայացրել է իր երգի բովանդակությունը:
«Երգը նրա մասին է, թե ինչպես եմ սիրահարվել: Ես հարցնում եմ մայրիկիս` ինչ անեմ, որ այդ աղջիկն ինձ սիրի»,- ասել է 12-ամյա Վլադիմիրը, գրում է РИА Новости-ն:
Փոքրիկ երգչի խոսքով`ինքն իրեն աստղ չի համարում, քանի որ «աստղերը երկնքում են, իսկ ես մարդ եմ»:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Արզումանյանին հաղթանակն ապահովեց Մակեդոնիայից ստացած 10 միավորը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երրորդ տեղը` Սերբիան: Մրցույթին մասնակցել են 14 երկրի ներկայացուցիչներ: