Կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը, պարզվում է, հիմնավոր պատճառներ է ունեցել Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո ընդհատակ անցնելու համար, գրում է օրաթերթը:
Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ Վերահսկիչ պալատը ստուգումներ էր կատարել Խաչիկյանի ղեկավարած կառույցում, և ըստ այդ ժամանակ տարածված լուրերի` այնպիսի ապօրինություններ էին հայտնաբերվել, որ Խաչիկյանն ստիպված անցել էր ընդհատակ` պատճառաբանելով, թե հիվանդ է: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ մեր տեղեկություններով, ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում 50-60 հազար մեռյալ հոգիների թոշակ են ստանում, որն ամսական կազմում է մոտ 4 մլն դոլար: Ընդ որում, պարզվել է, որ թոշակ են ստանում անգամ մարդիկ, ովքեր դեռ 18-19 տարի առաջ են մահացել: մեր տեղեկություններով, համապատասխան մատյանները տարվել են ԱԱԾ, այնտեղից վերջին երեք տարվա տվյալների մասով ստուգումներ են սկսվել: Հետո ԱԱԾ-ն ահազանգ է ստացվել նախագահականից և անձամբ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանից` գործը դադարեցնելու մասին, ինչից հետո Խաչիկյանը, ասես ոչինչ էլ չի եղել, նորից սկսել է աշխատանքի գալ: