WikiLeaks կայքի հրապարակած գաղտնի նյութերի պատճառով առաջացած սկանդալը կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի և Միացյալ Նահանգների ռազմավարական հարաբերությունների վրա, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ կայքի կողմից հրապարակված փաստաթղթերը հիմնականում վերաբերում են ամերիկացի դիվանագետների նամակագրությանը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով լրագրողների հարցերին, կասկածի տակ է դրել հրապարակված նյութերի լուրջ լինելը:
«Թող WikiLeaks-ը տրամադրի այն ամենն, ինչ ունի: Այն ժամանակ կքննարկենք ու կհասկանանք` որքանով են փաստաթղթերը լուրջ: WikiLeaks-ի լրջությունը վիճելի է»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի ֆինանսների նախագահ Մեհմեդ Շիշմեկը նույնպես մեկնաբանել է WikiLeaks-ի հետ կապված սկանդալը: «Փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությունն ու մեկնաբանությունները հորինվածք են, սուտ են և դուրս են տրամաբանությունից»,- ասել է նախարարը:
Նշենք, որ Wikileaks կայքում տեղեկատվություն կա նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանի ֆինանսական կարգավիճակի մասին և թե ինչպես է նա կուտակել իր հարստությունը:
«Մենք տեղեկատվություն ունենք, որ Էրդողանը շվեյցարական բանկերում 8 բանկային հաշիվ ունի: Նրա պարզաբանումները, թե իր կարողությունը ձևավորվել է իր որդու հարսանիքի նվերներից կամ նրանից, որ ԱՄՆ-ում իր չորս երեխաների ուսման վարձը հոգում է մի թուրք գործարար, այնքան էլ համոզիչ չեն», – 2004 թվականի դեկտեմբերի 30-ին Վաշինգթոնին ուղղած նամակում գրել է Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանը: