ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ, ի վերջո, ստորագրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ավագ որդուն` Տիգրան Սահակյանին ՀՀ առողջապահության փոխնախարար նշանակելու մասին վաղուց սպասվող որոշումը:
Ի տարբերություն Գալուստ Սահակյանի և նրա կրտսեր որդու` ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի, Տիգրան Սահակյանի մասին Հայաստանի հանրությանը քիչ բան է հայտնի: Գալուստ Սահակյանի ավագ որդու անունը առաջին անգամ մամուլում արծարծվել է անցյալ տարի հուլիսի սկզբին, երբ լուրեր էին շրջանառվում, թե Արման և Տիգրան Սահակյան եղբայրները «Արմենիա» բժշկական կենտրոնի նախասրահում մարդ են ծեծել: Իհարկե, Արման Սահակյանը, չնայած միջադեպը բազմաթիվ մարդկանց աչքի առաջ էր տեղի ունեցել, հետագայում հերքել էր այդ լուրերը` պնդելով, թե նման բան չի եղել: