Դեկտեմբեր ամիսը լարված ու եկամտաբեր ամիս է լինելու ոչ միայն մթերքներ ու տարբեր սպառողական ապրանքներ վաճառող, այլև ապահովագրական ընկերությունների համար, նշում է օրաթերթ:
Հայտնի է, որ հունվարի 1-ին բոլոր ավտոմեքենաները պետք է ապահովագրված լինեն: Եվ դեկտեմբերն այդ առումով գործընթացն իրականացնելու հիմնական ամիսն է: Ըստ այդմ, բոլոր այն ընկերությունները, որոնք մեքենաներ ապահովագրելու լիցենզի են ստացել, մեծ եկամտի ակնկալիքներ ունեն: Սակայն նրանց ակնկալիքները դժվար թե արդարանան. ապահովագրությունը վերևից կարգավորվում է: Իշխանությունը հրահանգում է, թե մարդիկ որ ընկերություններին «վստահեն» իրենց ավտոմեքենաների ապահովագրությունը: Ըստ այդմ, «կլիենտների» առյուծի բաժինը տանելու է «Նաիրի Ինշուրանսը» որը, ինչպես հայտնի է, պատկանում է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն` Լևոն Քոչարյանին: Այս ընկերությունն են «նախընտրելու» ոչ միայն պետական մարմինները, այլև, ասենք, դպրոցների կոլեկտիվները, գյուղապետարանները և համայնքային այլ ծառայողներ, «ՀայՌուսգազարդը» և այլն, և այլն: