Աստանայում ընդունված ԵԱՀԿ գագաթաժողովի ամփոփիչ հուշագրում միայն ընդհանուր ձևակերպումներ կան: «10 կետ են գրել, որից ութը ոչինչ չի ասում», – օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
– Այդուամենայնիվ, կարելի՞ է Աստանայի գագաթաժողովը հաջողված համարել:
– Դժվար է ասել. նայած` ինչ տեսանկյունից: Եթե խոսքը ընդհանուր Եվրոպայի, եվրաատլանտյան համերաշխության մասին է, ապա` այո: Ինքը` փաստը, որ գագաթաժողովը կայացավ, արդեն դրական եմ համարում… Դրա բովանդակությունը կարելի էր կանխատեսել դեռ դրա ընդունումից շատ առաջ: Ես դրա մասին արդեն առիթ ունեցել եմ ասելու: 56 երկրների առաջնորդները, բնականաբար, Ղարաբաղի համար չէ, որ հավաքվել էին Աստանայում: Մենք պետք է ընդունենք, որ մենք հարցերից ընդամենը մեկն ենք` անկախ այն բանից, որ հինավուրց ժողովուրդ ենք, երկու հազար տարի առաջ թատրոն ենք ունեցել: Մենք համամարդկային չափանիշներով ընդամենը մի «բուկաշկա» ենք, և այդ առումով այս իշխանությունը ստացել է այն, ինչ ուզում էր` կոնսենսուսային համաձայնության շրջանակներում: Իսկ գլոբալ իմաստով` այն, ինչ կատարվում է, նորմալ ընթացք է: