Օրաթերթը տեղեկացնում է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկը, որոշել է փոխել Արմավիրի մարզի իր հայրենի գյուղի Բամբակաշատի անունը:
Ըստ բամբակաշատցիների, նա ցանկանում է գյուղն անվանակոչել իր հոր` Մակարի անունով` Մակարավան: Գործարար պատգամավորի սույն նախաձեռնությունը, սակայն, ամենենևին չեն ողջունում բամբակաշատցիները, ովքեր դիմել էին «ՀԺ»-ին: Այդուհանդերձ, Պետրոսյանի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար առաջիկայում նրա կամոք պետք է գյուղապետարանում ավագանու նիստ գումարվի:
Ըստ գործող օրենսդրության` գյուղապետարանը գյուղն անվանափոխելու առաջարկով պետք է դիմի կառավարությանը, կառավարությունն էլ առաջարկի հետ համաձայնելու դեպքում պետք է «Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ ուղարկի Ազգային Ժողով: Ու եթե խորհրդարանը քվեարկությամբ ընդունի նախագիծը, ապա ըստ «Վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքի», Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղն այդուհետ կկոչվի Մակարավան: Ալեքսան Պետրոսյանի հետ երեկ մեզ խոսել չհաջողվեց: Մեզ փոխանցեցին, որ նա բջջայինը մոռացել է «օֆիսում» և գնացել տուն: