Home / Հայաստան / Հայաստանում չեն ցանակնում սլավոնական տառերով սովորել. ակցիա

Հայաստանում չեն ցանակնում սլավոնական տառերով սովորել. ակցիա

Ամեն քառօրյայի սկզբում և ընթացքում մենք հիշեցնում ենք մեր պատգամավորներին, որ դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովակիմյանը: Այսօր Ազգային Ժողովի շենքի առաջ` Բաղրամյան պողոտայի վրա ակցիա էին անցկացնում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնությունը և «Սարդարապատ» շարժման անդամները:

«Ամեն առավոտ, ոչ մեծ խմբերով մեր նախաձեռնության անդամները բոլոր նիստերին օրերին պիկետներ են անում ԱԺ-ի դիմաց: Դա ցույց է տալիս, որ մեր դիրքորոշումը չի փոխվել, և որ կան մարդիկ, որոնք կգնան մինչև վերջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Հովակիմյանը:

Epress.am-ի այն հարցին, թե ինչ արդյունքների են հասել բողոքի ակցիաների միջոցով, Հովակիմյանը պատասխանել է.

«Հնարավոր բացվող օտարալեզու դպրոցների վերաբերյալ, այսպես կոչված, զիջումներ են արել քանակական, որակական, սկսել են աշխատել հանրության հետ, որպեսզի ցույց տան, որ սա այդքան էլ վտանգավոր չէ, իսկ մեր իշխանության փակ լինելը հաշվի առնելով` սա ևս քաղաքացիական հասարակության տեսակետից հաջողություն է»:

Ըստ բանախոսի` իրենք անպայման հաղթելու են, իրենք համոզված են, որ նման դպրոցներ չեն գործելու:

«Դա պարտություն է հասարակության համար, պարտություն է մեր հանրակրթության համար, և իրենց համար էլ է պարտություն, որովհետև շատ փոքր, խարխուլ կամուրջները, որ մնացել են իշխանության և հասարակության միջև իրենք վառում են: Ինչևէ, իրենց ընտրությունն է»,- նշել է մեր զրուցակիցը:

Մեզ հետ զրույցում «Սարդարապատ» շարժման անդամ, ֆրանսերեն լեզվի մասնագետ Աղավնի Սահակյանն ասել է, որ եթե իշխանությունները խելոք լինեն, հետ կուղարկեն այդ օրենքը:

«Բայց նրանք ավելի շատ մտածում են իրենց գրպանի և ստամոքսի մասին: Ի վերջո արժանապատվություն պետք է ունենան, չէ՞: Բայց իրենք ապազգային մարդիկ են: Էսքան դարեր շարունակ պահել, պահպանել ենք մեր լեզուն, որ հիմա սլավոնական կամ լատինական տառերո՞վ սովորենք»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Աղավնի Սահակյանը:

Tekali Taxi