Սյունիքի մարզի Գորիսի դատարանի դատավոր Համլետ Դավթյանի դատավճռով N զորամասի մայոր Սասուն Գալստյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, տեղեկացնում է օրաթերթը:
Այդպիսով, Ս. Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 375 հոդվածի 1-ին մասով (իշխանության չարաշահում, իշխանության գերազանցում կամ իշխանության անգործություն): Հիշեցնենք, որ սեպտեմբերին ինտերնետում հայտնվել էր տեսահոլովակ, որում կիսամերկ սպան ծաղրուծանակի էր ենթարկում երկու զինվորների, նրանց վրա ջուր էր լցնում և հարվածում գլխներին: Անմիջապես տեսահոլովակի հայտնվելուց հետո պաշտպանության նախարարությունը վրդովմունք էր հայտնել նման տեսահոլովակի հրապարակման առնչությամբ և համոզմունք հայտնել, որ տեսագրությունը կեղծ է: Սակայն այնուհետև անցկացվել է հետաքննություն, որի ընթացքում պարզվել էր դրա իսկությունը, ինչպես նաև գործող անձանց անունները: N զորամասի մայոր Սասուն Գալստյանն անսթափ վիճակում ծեծի է ենթարկել նույն զորամասի սերժանտ Գարիկ Հարությունյանին և շարքային Բակուր Եղիկյանին: Զինվորները ճանաչվել են տուժած: