«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանին թույլ չեն տվել առանձնազրույց ունենալ իր վստահորդի հետ, երբ նա այսօր այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Փաստաբանի փոխանցմամբ «Արթիկ» ՔՀԿ-ում իրենք արձանագրություն են կազմել, որտեղ նշել են, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 13:50-ի սահմաններում ՔԿՀ հերթապահ մասի ընդունելությունների սենյակում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նույն վայր մուտք է գործել նաև ՔԿՀ պետի տեղակալ, արդարադատության մայոր պարոն Ա. Խաչատրյանը:
Գրիգորյանը խնդրել է Խաչատրյանին դուրս գալ առանձնատեսակցության սենյակից կամ որևէ այլ կերպ հնարավորություն ընձեռել իր վստահորդի հետ գաղտնապահության պայամաններում զրուցել` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի և Մարդու իրավունքների և հիմնարար ազատություններ պաշտպանության մասին կոնվենցիայի 34 հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան: Փաստաբանը պատրաստվում էր զրուցել Փաշինյանի հետ Եվրոպական դատարան ներկայացվելիք փաստաթղթերի վերջնական տեքստը համաձայնեցնելու համար:
Գրիգորյանը նշում է, որ այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առ այսօր իրեն փաստաբանի հետ, այսինքն «Արթիկ» ՔԿՀ տեխափոխվելուս պահից` 30. 11. 2010թ.-ից առանձնատեսակցության հնարավորություն չի ընձեռվում, ինչպես նաև 02.12.2010թ-ից առ այսօր ինքը թվով յոթ նամակ է հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին: Այդ ծրարները ուղղված են եղել «Հայկական ժամանակ» օրաթերթին և եղել են թվով 8 հոդված:
«Դեկտեմբերի 7-ին ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանը ինձ հայտնել է, որ «նեղություն չկրեմ, նամակներ չգրեմ, որովհետև դրանք միևնույն է չեն ուղղարկվելու»: Չնայած սրան, ես մինչ օրս բոլոր աշխատանքային օրերին ՔԿՀ ներկայացուցչին եմ հանձնում ծրար (օրեկան մեկ ծրար), որի մեջ իմ գրած հոդվածն է», – նշել է Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողը նաև ասել է, որ իր դիմումները սահմանված կարգով չեն գրանցվում 9-րդ ձևի մատյանում, ինչը ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների ներքին կանոնակարգի պահանջների խախտում է:
«Այս ընթացքում իմ գրած դիմումներից, եթե հիշողությունս չի դավաճանում, այս պահին գրանցված են միայն երկուսը, այնինչ իմ գրած դիմումների ընդհանուր թիվը վեցն է: ՔԿՀ ներկայացուցիչ պարոն Ա. Խաչատրյանը ինձ ասել է, որ, եթե գրեմ դիմումներ, որոնց հասցեատերերը գտնվում են ՔԿՀ պատերից դուրս, այդ դիմումները չեն վերցվելու: Հարցրել եմ, թե օրինակ գլխավոր դատախազին դիմում գրեմ, չի ուղարկվելու այն արդյոք, ինձ պարոն Ա. Խաչատրյանը պատասխանել է, որ` ոչ», – նշել է քաղբանտարկյալը:
Փաշինյանի խոսքով՝ նա զրկված է լրագրողական, մասնագիտական գործունեությամբ զբաղվելու, արտահայտվելու ազատության, մասնավորապես` իր մտքերը, գաղափարները, իր վերաբերյալ տեղեկությունները տարածելու հնարավորությունից և իրավական օգնություն` փաստաբանի խորհրդատվություն ստանալու իրավունքից:
Փաշինյանը նշել է, որ բացի Եվրոպական դատարան ներկայացված դիմումից այս պահին ինքը իրավական օգնության կարիք է զգում նաև մի շարք այլ հարցերի շուրջ, մասնավորապես, 11.11.2010թ-ին իր դեմ տեղի ունեցած հարձակման վերաբերյալ իրականացվող և առ այսօր իր համար անհայտ գործընթացի և իր անձնական անվտանգության ապահովման վերաբերյալ:
«Ես զրկված եմ նաև անձնական նամակագրություն վարելու հնարավորությունից, փաստորեն զրկված լինելով հարազատներիս հետ հաղորդակցվելու (այդ ձևով) հնարավորությունից: Այսպիսով, արձանագրում եմ, որ իմ դեմ ծավալվող քաղաքական հետապնդումները ավելի են ահագնացել», – փաստաբանի կազմած Արձանագրության մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՔԿՀ-ներում անցկացրած ժամանակաշրջանի իր փորձը փաստում է, որ արտաքին աշխարհի հետ կապի խոչընդոտների ահագնացումը, որպես կանոն, նախորդում է իր անձնական անվտանգության նկատմամբ կիրառվող ոտնձգություններին:
«Ակնկալում եմ, որ այս հայտարարությունը կարժանանա ԶԼՄ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների (բացառությամբ Արմեն Հարությունյանի գրասենյակի), ներառյալ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանը: Ակնկալում եմ, որ ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբի նախագահ Ա. Սաքունցը անձամբ կզբաղվի տվյալ իրավիճակի ուսումնասիրությամբ և հանդես կգա հապապատասխան զեկույցով: Պահանջում եմ, որ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը ապահովի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իմ իրավունքների և ազատությունների իրացման հնարավորությունը», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Արձանագրության կազմելու ժամանակ ներկա մայոր Խաչատրյանը այս առնչությամբ հայտարարել է. «Իրավական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալն իրավունք ունի հանդիպել իրավապաշտպաններին, իսկ տեսակցությունը տեղի է ունենում կարճատեւ տեսակցությունների համար նախատեսված կարգով` ՔԿՀ ներկայացուցչի ներկայությամբ: Իսկ տեսակցությունը չի անցկացվում կարճատև տեսակցությունների սենյակում անվտանգության նկատառումներից ելնելով»:
Նիկոլ Փաշինյանի փաստաբանը նշում է, որ Ա. Խաչատրյանը ներկա է գտնվել արձանագրության կազմման ողջ ընթացքին, սակայն, հրաժարվել է այն ստորագրել, քանի որ, ինչպես ինքն է հայտնել. «Արձանագրությունն իմ համար որևէ իրավական ուժ չունի»:
Արձանագրությունը պարոն Ա. Խաչատրյանի ներկայությամբ ընթերցվել է բարձրաձայն, ՔԿՀ հերթապահ մասի ընդունելությունների սենյակում: