Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը հանդես է գալիս մի նոր նախաձեռնությամբ, համաձայն որի ՀՀՇ-ն քայլեր է իրականացնելու մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում սպանություն կատարած, մարտի 1-ի գործով անմեղ մարդկանց դատապարտած դատավորներին, կեղծ ցուցմունքներ տված ոստիկաններին, քննիչներին և այլ պաշտոնյաներին ԱՄՆ և Եվրամիության երկրներ մեկնելու համար մուտքի արտոնագրեր չտրամադրվեն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա նշել է, որ շուտով կհրապարակվի այն կազմակերպությունների ցանկը, որոնք Հայաստանում միանալու են ՀՀՇ-ի նախաձեռնությանը:
Մանուկյանի խոսքով` այդ գործընթացը լինելու է մի քանի փուլով: Պաշտոնյաների ցուցակները մանրամասն ճշտվելու են, որպեսզի «ոչ մի անմեղ պաշտոնյա չհայտնվի այդ ցուցակում»:
«Ավելի լավ է մեղավոր մարդը չընդգրկվի ցուցակում, քան անմեղ մարդն ընդգրկվի», – ասել է Մանուկյանը:
Դրանից հետո ցուցակի հետ կապված աշխատանք է իրականացվելու Եվրամիության կառույցների հետ, ԱՄՆ Կոնգրեսի և Եվրամիության երկրների խորհրդարանների հետ, որոնց նախաձեռնության հեղինակները համապատասխան կոչով են դիմելու եվրոպական կառույցներին: